Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն  իշխանության հետ բանակցությունները անհեռանկար է համարում եւ կարծում է, որ դրանք են դարձել Կիեւի Անկախության մայդանում մարդկային զոհերի պատճառներից մեկը:

«Մարդկանց զոհվելու պատճառ են դարձել ոչ միայն Յանուկովիչի  փառասիրությունը, այլ նաեւ բռնապետության հետ անհեռանկար բանակցությունները, որոնք չէին կարող արդունավետ լինել, եւ որոնց չէր վստահում մարդկանց մեծամասնությունը», - ասվում է «Բատկիվշչինայի» կայքում հրապարակված Տիմոշենկոյի ուղերձում:

Ըստ նրա` «բանակցությունների ընթացքում Յանուկովիչը երբեք դեմոկրատ չի դառնա, այլ միայն իր համար ժամանակ կշահի` ամրանալու համար, իսկ հետո ավելի շատ ուկրաինացիների արյուն կթափի»: «Զոհերի, տառապյալների, բանտարկվածների եւ նրանց ընտանիքների, ժամանակակից եւ հաջորդ սերունդների առաջ մենք պարտավոր ենք վերացնել բռնապետությունը հենց այժմ եւ միշտ», - ընդգծել է նախկին վարչապետը, հաղորդում է  «Ինտերֆաքս Ուկրաինան»:

Տիմոշենկոն նաեւ ընդդիմությանը կոչ է անում համոզել եվրոպացիներին իրավական ճանապարհ գտնել` Հաագայի Միջազգային դատարանում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին դատի տալու համար:

Միաժամանակ Տիմոշենկոն կարծում է, որ նախագահի դեմ անհատական պատժամիջոցները, «ցավոք, արդեն մի փոքր ուշացել են եւ չեն կարող դադարեցնել զանգվածային ահաբեկչությունն Ուկրաինայում»: