«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը հրապարակային հարցումով դիմել է ՀՀ բարձրագույն իշխանություններին:
Հայտարարության մեջ ասվում է. «Հարյուրավոր անօթեւան ընտանիքների համար ամեն տարի գարնան գալով նոր սպասելիքների եւ ակնկալիքների ժամանակաշրջան է սկսվում: Այո, եղանակների տաքացմամբ վառելիքի հայթայթման ծանր լծից մի փոքր թեթեւացած անօթեւան ընտանիքները, որոնք ավելի քան քառորդ դար պատսպարված են վագոն-տնակներում ու կիսախարխուլ շենք-շինություններում, կրկին համակվում են երբեւէ բնակարան ունենալու հույսով:
Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ եւ պարոն նախարար
Դեռեւս նախորդ տարի, Ձեր իսկ կողմից տրված խոստումների համաձայն, Գյումրիում անմարդկային պայմաններում գոյատեւող մոտ 4000 ընտանիքների համար պետք է կառուցվեր եւ շահագործվեր ընդամենը 430 բնակարան: Սակայն ինչպես գիտենք, անցյալ տարի այդպես էլ բնակարանային շինարարությունը չվերսկսվեց:
Համաձայնե՛ք, որ «դառը ճշմարտությունը գերադասելի է քաղցր ստից»: Ի վերջո, եթե 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից ի վեր աղետյալներին պարբերաբար, հատկապես նախընտրական ժամանակահատվածներում չտրվեին սին խոստումներ, թե. «երկու տարվա», «հինգ տարվա», «երեք տարվա» ընթացքում կկառուցվեն պահանջվող քանակությամբ բնակարաններն ու կհատկացվեն անօթեւան ընտանիքներին, ապա հաստատ նրանցից շատերն իրենց «գլխի ճարը կտեսնեին», կամ գոնե այդ մարդիկ իրենց վագոն-տնակների հարեւանությամբ ինչ-որ մի քարե կացարան կկառուցեին:
Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ եւ պարոն նախարար
Դիմում ենք Ձեզ, ակնկալելով ինչպես մեզ, այնպես էլ հարյուրավոր անօթեւան ընտանիքների համար ավելի քան կարեւոր՝ Գյումրիում բնակարանաշինության վերսկսման եւ շահագործման հնարավորինս ճշգրիտ ժամկետների մասին տեղեկատվության հրապարակում»:


























