ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի  դատավորը որոշել է, որ Մարտին Լյութեր Քինգին շնորհված Նոբելյան խաղաղության մեդալը եւ նրան պատկանող Աստվածաշունչը ժամանակավորապես պետք է ի պահ դրվեն բանկային հատուկ պահատուփում, որի բանալիները դատավորի մոտ կպահվեն:

Պատճառն այն է, որ Քինգի երեխաները շարունակում են պայքարը նրան պատկանող իրերի համար: Մասնավորապես, Մարտին Լյութեր Քինգ երրորդը եւ Դեքսթեր Քինգը պնդում են, որ մեդալն ու Աստվածաշունչը աճուրդով վաճառքի դնեն: Դրան դեմ է Քինգի դուստր Բերնիսը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Քինգը Նոբելյան խաղաղության մրցանակի արժանացել էր  1964թ.՝ ռասայական ճնշումներին ոչ ուժային դիմադրության գործում ներդրած ավանդի համար:

Սեւամորթ բնակչության իրավունքների համար պայքարի մարտիկին պատկանող Աստվածաշնչի վրա  երկրորդ ժամկետում ընտրվելուց հետո երդվել է ԱՄՆ-ի  նախագահ Բարաք Օբաման: