Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով նոր Սառը պատերազմ է սկսվում, որը կարելի է անվանել «Սառը պատերազմ light», այսինքն այն ավելի մեղմ է նախորդի համեմատ, քանի որ կողմերը բավական տարբեր քաշային կատեգորիաներում են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ եթե նախորդ սառը պատերազմի ժամանակ արեւմտյան եւ արեւելյան դաշինքները հավասար պայմաններում էին, ապա հիմա ակնհայտ է, որ ռուսական թեւը զգալիորեն թույլ է: «Ուկրաինան դարձավ այն թեժ կետը, որտեղ Արեմուտքն ու Ռուսաստանը պայքարում են իրենց շահերի համար: Երկու կողմերի համար էլ պարզ է, որ Ուկրաինայի ճակատագրից շատ բան է կախված»,-ասել է Պապյանը:

Քաղաքագետը նկատել է, որ Ուկրաինայում հասարակությունը բաժանված է երկու մասի: «Եթե երկու ամիս առաջ ես կբացառեի Ուկրաինայի պառակտումը, ապա այս պահին դա լրիվ հավանական եմ համարում: Համաշխարհային ուժային կենտրոնները նույնպես հասկանում են, որ միասնական Ուկրաինային տիրանալով իրենք լուրջ խնդիրներ են ունենալու: Շատերն Ուկրաինայի պառակտմանը ողբերգական են մոտենում, բայց ինչո՞ւ չի կարող լինել երկու Ուկրաինա»,-հարց է տվել Պապյանը՝ վստահություն հայտնելով, որ եթե դա խաղաղություն ու կայունություն կբերի, թող այդպես էլ լինի:

Նրա խոսքով՝ դա ավելի ճիշտ որոշում կլինի, քան այն, որ երկիրը ներքաշվի քաղաքացիական պատերազմի մեջ: «Եթե Ուկրաինան պետք է պառակտվի, ապա թող դա լինի առանց արյունահեղության»,-ամփոփել է քաղաքագետը:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Ուկրաինայում վերսկսվել են դաժան բախումները արեւմտամետ ընդդիմության եւ ՆԳՆ ուժերի միջեւ: Հաղորդվում է մի քանի տասնյակ զոհերի մասին: Ցուցարարները բարիկադավորվել են Մայդանում եւ դիմադրում են «Բերկուտի» հարձակումներին:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am