Արեւմտյան երկրների թողտվությունն իր դերն է խաղացել Ուկրաինայում անկարգությունների ծավալման հարցում: Այս մասին հայտարարել են Բելառուսի ԱԳՆ-ում:
«Բելառուսի հանրապետությունը անհանգստացած է Ուկրաինայում ստեղծված իրավիճակով, որը հանգեցնում է մարդկային զոհերի: Մենք անթույլատրելի ենք համարում ներքաղաքական տարաձայնությունների լուծման արմատական, հակաիրավական մեթոդները»,-ասված է փաստաթղթում, հաղորդում է «Ռոսբալտը»:
Բելառուսի ԱԳՆ-ի կարծիքով՝ «վերջին ամիսներին Ուկրաինայում ծավալվող դրամատիկ իրադարձությունները գնահատելով, Արեւմուտքի երկրները բազմիցս ընդգծել են բողոքի ակցիաների խաղաղ բնույթը եւ չէին ուզում նկատել վարչական շենքերի անօրինական գրավումները, ոստիկանության հետ բախումների ժամանակ «մոլոտովի կոկտեյլների», ինչպես նաեւ հրազենի օգտագործումը ցուցարարների կողմից»:
«Նման դիրքորոշումը,, որը շատ մոտ է արմատականության եւ ծայրահեղականության նկատմամբ թողտվության, իր բացասական դերն է խաղացել բռնության ծավալման հարցում: Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ կիրառվող մոտեցումները արմատապես տարբերվում են այն գնահատականներից, որոնք հնչում են այլ եվրոպական երկրներում բողոքի ակցիաների դեպքում, որտեղ իրավապահները ստիպված են լինում ուժ կիրառել՝ կարգու կանոն հաստատելու համար»,-ասված է հայտարարությունում: Միաժամանակ Բելառուսի ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ իրավիճակն Ուկրաինայում շուտ կկայունանա:




























