«Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բռնությունների ենթարկված Արտակ Բայադյանի, Էդգար Նիկոյանի, Արկադի Աղաջանյանի եւ Գարիկ Սողոմոնյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը այսօր՝ փետրվարի 20-ին, Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին ներկայացրեց «Հարսնաքար» համալիրում 2012թ. հունիսին սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի կնոջ լիազորագիրը եւ հանդես եկավ փոխհատուցում պահանջող քաղհայցով:

13 էջից բաղկացած քաղհայցով նյութական եւ բարոյական վնաս հասցնելու համար 6 ամբաստանյալներից եւ «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանից Վահե Ավետյանի իրավահաջորդը պահանջում է գանձել 297 մլն 51 հազար 33 ՀՀ դրամ։

Տուժողների ներկայացուցիչը նաեւ միջնորդեց արգելանք դնել 6 ամբաստանյալների եւ Ռուբեն Հայրապետյանի գույքի  եւ դրամական միջոցների վրա։

Պաշտպանական կողմը հայտարարեց, որ հայցը բավական երկար է, հետևաբար իրենց ժամանակ է հարկավոր նյութին ծանոթանալու և սեփական դիրքորոշում ներկայացնելու համար:

Դատական նիստը հետաձգվեց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, հանրապետական պատգամավոր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 6 մարդու՝ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին, որոնց թվում են նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը դատարանի դահլիճում անակնկալ հայտարարություն էր արել՝ խոստովանելով, որ միայն ինքն է անմիջական կոնտակտի մեջ մտել ու հարվածել Վահե Ավետյանին։ Դրանից հետո ինքնախոստովանական ցուցմունքներ տվեցին նաեւ Գարիկ Մարգարյանը եւ Արթուր Բաբլոյանը: