Աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Թագավորության  կրթության, մշակույթի եւ գիտության նախարար Յեթ Բուսեմակերի հետ եւ ներկայացրել է Հայաստանում Բոլոնիայի գործընթացի վերջին զարգացումները:

Աշոտյանը ներկայացրել է նաեւ Հայաստանի կողմից Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնելու համատեքստում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Նախարար Արմեն Աշոտյանն իր եվրոպացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2015 թվականին  Երեւանում կայանալիք նախարարական գագաթաժողովին: Տիկին Յ. Բուսեմակերը բարձր է գնահատել Բոլոնիայի քարտուղարության կատարած աշխատանքները:

Կողմերը կարծիքներ են փոխանակել եվրոպական կրթական տարածքի մարտահրավերների մասին: Այդ համատեքստում ընդգծվել է երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը,  մասնավորապես, կարեւորվել է ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման ծրագրերի, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մասնագիտությունների ուղղությամբ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաեւ ԵՄ գիտակրթական ծրագրերին երկու երկրների բուհերի համատեղ մասնակցությունը:

Հանդիպման ժամանակ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է նաեւ Հայաստանի եզակի փորձը՝ տարրական դպրոցի պարտադիր կրթական ծրագրերում «Շախմատ» առարկայի ներառման վերաբերյալ, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Շեշտվել է, որ Հայաստանը եւ   Նիդերլանդները ոչ միայն շախմատային ավանդույթներ եւ հզոր պոտենցիալ ունեցող, այլեւ կրթական համակարգի զարգացմանը միտված նորարարական կրթական ծրագրեր իրականացնող երկրներ են:

Հանդիպման ավարտին նախարար Ա. Աշոտյանը Յեթ Բուսեմակերի  ուշադրությունը հրավիրել է Նիդերլանդների Թագավորությունում ապրող մեր հայրենակիցների կրթական խնդիրների վրա՝ մասնավորապես, մայրենի լեզվի ուսուցման հետ կապված:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

ՀՀ պատվիրակությունն այսօր կայցելի նաեւ աշխարհի լավագույն հարյուր բուհերի ցանկում ընդգրկված Լեյդենի համալսարան: