Դեռեւս վաղ է խոսել Ուկրաինայի պառակտման մասին, բայց, ըստ էության, երկրի արեւմտյան մարզերը գտնվում են որոշակի ուժերի իշխանության ներքո: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ուկրաինացի քաղաքագետ Սերգեյ Տոլստովը:
Նրա խոսքով՝ ներկայումս Ուկրաինայում իրավիճակը ոչ ոք չի վերահսկում: Քաղաքագետի կարծիքով, հնարավոր է, որոշակի բանակցություններ կնախաձեռնվեն, որոնց օգնությամբ հավանական լուծման վերաբերյալ գոնե հրապարակային առաջարկ կարվի:
«Իրավիճակը քաղաքական լուծում չունի, քանի որ կողմերի դիրքորոշումները հակադիր են: Բողոքի շարժման այն մասնակիցներին, որոնք մարտական գործողություններ են իրականացնում ոստիկանների դեմ, անհասկանալի է, թե ովքեր են վերահսկում: Ամենայն հավանականությամբ, նրանք ունեն միասնական շտաբ, բայց անհասկանալի է, թե ովքեր են այդ մարդիկ, քաղաքական առումով նրանք ներկայացված չեն»,-ասել է Տոլստովը:
Նրա խոսքով՝ ձեռք բերված հրադադարը խախտվել է, եւ եթե հրադադարի նոր պայմանավորվածություն ձեռք բերվի, հասկանալի չէ, թե որքան այն կտեւ: «Այս պահի դրությամբ Ուկրաինայում իրավիճակն այնպիսին է, որ կամ իշխանությունը կճնշի բողոքի շարժումը, կամ բողոքի ակցիաները կշարունակվեն»,-նկատել է քաղաքագետը:
Անդրադառնալով Ուկրաինայի պառակտման հնարավորությանը, Սերգեյ Տոլստովը նշել է, որ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ով կվերահսկի իշխանությունը Կիեւում: «Երբ որոշում ընդունվի իշխանության անցումային մարմիններ ստեղծելու մասին, դրանից հետո միայն պարզ կլինի, թե ինչպես են դրան վերաբերում տարբեր տարածքներ, ինչ կուրս կորդեգրեն դրանք»,-ամփոփել է նա:




























