Ինչպես հայտնել էինք նախօրոք, այսօր` ապրիլի 22-ին մի խումբ ուսանողներ պատրաստվում էին բողոքի ցույց անել ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց՝ բողոքելով կառավարության այն որոշման դեմ, որով կրճատվել են ասպիրանտուրայի տարկետման իրավունքով տեղերը:

Սակայն այսօր այդ ցույցը տեղի չի ունեցել, քանի որ ուսանողները Կրթուրթյան եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպումից հետո հրաժարվել են ցույց անելու գաղափարից: Հանդիպումը եղել է երեկ:

Հիշեցնենք, որ երեկ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Աշոտյանն այս կապակցությամբ ասել էր հետեւյալը. «Չեմ ուզում մեկնաբանել այն, ինչ դեռեւս տեղի չի ունեցել։ Թող լինի, ես լսեմ իրենց տեսակետը, իմանամ ինչի մասին է խոսքը, որոնք են հիմնավորումները։ Եթե իրենց հետաքրքրի, պատրաստ եմ հրավիրել մի խումբ, ինքս ներկայացնել մեր հիմնավորումները: Անո՞նս անեմ հիմա, կոնկրետ կարծիքներ դեռ չեմ լսել»:

Ա. Աշոտյանը այդ հանդիպման ժամանակ նշել է, որ բնագիտական ուղղվածության ֆակուլտետներին տարկետման իրավունքով մագիստրատուրայի ավելի շատ տեղեր կհատկացվեն, քանի որ ՀՀ գիտության զարգացման ռազմավարության մեջ կարեւոր տեղ է տրվում բնագիտական մասնագիտություններին: