Բելառուս է այցելել Հայաստանի Շիրակի մարզի պատվիրակությունը` մարզպետ Լիդա Նանյանի գլխավորությամբ: Այցն իրականացվել է 2009թ. հոկտեմբերին ստորագրված Հայաստանի Շիրակի և Բելառուսի Գրոդնոյի մարզերի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում:

Հայաստանից ժամանած պատվիրակությանը ներկայացվել են Գրոդնոյի մարզի տնտեսական և զբոսաշրջային հնարավորությունները, կազմակերպվել են այցելություններ Լիդա, Գրոդնո և Սկիդել քաղաքների կաթնամթերային կոմբինատներ, գյուղատնտեսական մեքենաշինության, մսամթերքի ու հացի գործարաններ:

Շիրակի մարզի պատվիրակությունը ներկայացրել է մարզի տնտեսական հնարավորությունները, արտահանման համար պատրաստ արտադրատեսակները: Նրանք հետաքրքրություն են ցուցաբերել հատկապես Լիդա քաղաքում արտադրվող փոքր չափերի և հարաբերականորեն մատչելի գյուղատնտեսական մեքենաների հանդեպ, որոնց կիրառումը կարող է օգտակար հանդիսանալ Շիրակի մարզում:

Որպես գործակցության զարգացման փոխշահավետ ուղղություններ, երկուստեք նախանշվել են գյուղատնտեսական, գյուղմեքենաշինական, առողջապահական, սպորտի և զբոսաշրջության ոլորտները, փորձագիտական խմբերի այցելությունների կազմակերպումը:

Շիրակի մարզպետարանի և Լիդայի շրջանային գործադիր կոմիտեի միջև ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր:

Այցելության ավարտին Շիրակի մարզպետին ընդունել է Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը, ով նշել է Հայաստան-Բելառուս բազմակողմ գործակցության շրջանակներում միջմարզային կապերի առավել խորացման և ամրապնդման կարևորությունը: