Հայաստանի տրանսպորտի նախարարության համար կարեւոր էր, որպեսզի «Հյուսիս-Հարավ» բետոնային ավտոմայրուղու համար օգտագործվեր հենց հայկական ցեմենտ: Այս մասին հայտարարել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում: Հենց այս նախապայմանն է առաջադրել տրանսպորտի նախարարությունը իսպանական Corsan Corviam շինարարական ընկերությանը:

«Ներկրված ցեմենտը նրանց համար էժան էր, սակայն մեզ համար կարեւոր էր, որպեսզի «Արարատցեմենտում» 1500 մարդ աշխատեր, եւ նրանք աշխատելու են»,-հայտարարել է Բեգլարյանը: Նա նկատել է, որ ցեմենտի արտադրությունը սեզոնային բնույթ է կրում, սակայն մարտի 17-ից աշխատանքը կվերսկսվի: «Արարատի մարզի ժողովուրդը կարող է հանգիստ լինել»,-հավելել է նախարարը:

Նա ընդգծել է, որ ցեմենտի մասին բանակցությունների պատճառով աշխատանքը կանգ էր առել, իսկ ԲՀԿ պատգամավորները իրավիճակն այլ կերպ էին ներկայացրել : «Ըստ նրանց՝ աշխատանքը հինգ տարի կանգնած էր, իսկ այն դադարեցվել էր ընդամենը հինգ ամսով: Մի փոքր ուշացել էր սարքերի ներկրումը, սպասում էինք աշխատանքի համար նոր տեխնիկական չափանիշների, եւ, իհարկե, ցեմենտը: Բավական էր ընդամենը մի հեռախոսազանգ, որպեսզի տեղեկանալ այդ մասին ու ամեն ինչ գլխիվայր չշրջել»,-հայտարարել է Բեգլարյանը: Նկատենք, որ «Արարատցեմենտ» գործարանը պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու ընդհանուր արժեքը պետք է կազմի 967 մլն  դոլար, որոնցից 500 մլն-ը կտրամադրի Զարգացման ասիական բանկը՝ որպես տրանշ: Միջոցների տրամադրումը պետք է ավարտվի 2017-ին: