2010 թ. ապրիլի 24-ին Ռումինիայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներ, որին մասնակցել են հարյուրավոր ռումինահայեր, ինչպես նաեւ ռումինական օրենսդիր եւ տեղական մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ, համալսարանականներ եւ ուսանողներ:
Բուխարեստի Հայոց եկեղեցում, որը հիմնվել է 1915թ., կատարվել է հիշատակի հոգեհանգիստ, այնուհետեւ Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի եւ Ռումինիայի Հայոց միության կողմից ծաղկեպսակներ են զետեղվել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին:
Դեսպանության եւ Հայոց միության համատեղ ուժերով Բուխարեստի Հայ մշակույթի տան ցուցասրահում բացվել է ցեղասպանության թեմայով լուսանկարչական ցուցահանդես:
Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի եւ Բուլղարիայի թեմի առաջնորդ Տիրայր Արքեպիսկոպոս Մարտիկյանը եւ Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը: «Արդար եւ ճշմարիտ գնահատական տալով անցյալին եւ անաչառորեն վերլուծելով ներկան` այսօր բոլորս եկել ենք նույն եզրակացության. հայ եւ թուրք ժողովուրդների նոր սերունդների համար ժամանակը եւ պայմանները հասունացել են, որպեսզի նրանք թոթափեն անցյալի ծանր բեռը, հաշտության ձեռք մեկնեն միմյանց եւ ապրեն համերաշխ: Այդ են պահանջում թե ներկա, թե ապագա սերունդների շահերը, դրանով է պայմանավորված մեր շրջանի եւ ընդհանուր Եւրոպայի կայունությունը եւ անվտանգությունը»,- իր ելույթում ասել է դեսպան Համլետ Գասպարյանը: Վերջինս նաեւ հարցազրույցներ է տվել ռումինական կենտրոնական TVR1 եւ TVR2 հեռուստատեսությունների լրատվական ծրագրերին:
Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ հայաբնակ Կոստանցա, Սուչավա, Յաշ, Պիտեշտ, Տրանսիլվանիայի Գեռլա, Գեորգե եւ Դումբրավե քաղաքներում:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններով ապրիլի 26-ին Ռումինիայի Սենատում հանդես կգան սենատոր, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, իսկ ապրիլի 27-ին` Պատգամավորների պալատում, պատգամավոր, Ռումինիայի Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը:




























