Թուրքական խորհրդարանի քուրդ պատգամավորներով համալրված «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Բիթլիսից ընտրված պատգամավոր Նեզիր Քարաբաշը հայտարարել է, որ թուրքական պետությունը հայ ժողովրդից պետք է ներողություն խնդրի 1915-ի կոտորածների համար:
Նեզիր Քարաբաշը մասնակցել է «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Դենիզլիի նահանգային համաժողովին եւ հանդես եկել ելույթով: «Հայերը եւ մի շարք պատմաբաններ նշում են, որ կոտորվել է 1.5 միլիոն հայ, իսկ թուրքական պաշտոնական աղբյուրները նշում են 300-500 հազար: Թվերը այդքան կարեւոր չեն: Արդյունքում մեկ միլիոն հայ է կոտորվել: Առանց հաշվի առնելու իրենց առջեւ կին է, թե երեխա, տնից տեղից եւ երկրից վռնդել են: Մոտ միլիոն հայի Սիրիայի անապատներն են քշել, որոնց մեծ մասին կոտորել են: Թուրքիան այս իրադարձությունները քննարկելու, աշխարհի մի շարք երկրների պես ներողություն խնդրելու փոխարեն` դեռ ասում է, թե նման բաներ չի եղել: Թուրքիայի հանրապետությունը երեք ժողովրդից պետք է ներողություն խնդրի: Հայ ժողովրդից` այդ կոտորածի համար, քուրդ ժողովրդից` որոշ մեղքեր համատեղ գործելու համար եւ թուրք ժողովրդից` այդ ամենը 90 տարուց ի վեր գաղտնի պահելու եւ հակառակ երեսով ներկայացնելու համար»,-նշել պատգամավոր Նեզիր Քարաբաշը:




























