Թուրքական Vatan թերթի վաշինգտոնյան թղթակից Իլհան Թանըրը իր հրապարակման մեջ անդրադարձել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ելույթին` փորձելով պարզաբանել, թե ինչու Օբաման չի արտասանում «ցեղասպանություն» բառը:
Նա իր հոդվածում գրում է. ""Թուրքական կողմի համար եւս մեկ ապրիլի 24 անփորձանք անցավ: Նկատվեց, որ Օբամայի այս տարվա ելույթը նախորդ տարվա համեմատ ավելի կարճ էր: Օբաման այս անգամ եւս «ցեղասպանություն» բառը չասաց, սակայն կրկին օգտագործեց հայերեն «Մեծ Եղեռն» արտահայտությունը` նախորդ տարվա պես խիստ տոնով: Վարչապետ Էրդողանն այդ խիստ հայտարարությունը դրական գնահատեց, այնուհետ Թուրքիայի ԱԳՆ-ը այդ հայտարարությանը դեմ հանդես եկավ, սակայն դա արդեն գործին չօգնեց: Նշանակում է եթե չի ասվել «ցեղասպանություն» բառը, Թուրքիան շահել է:
Ընդհանուր եթե նայենք, հայերն այս տարի հաջող իրականացրեցին 1915-ին իրենց ժողովրդի գլխին եկածը որպես ցեղասպանություն ներկայացնելու համար: ԱՄՆ-ում արդեն «Թուրքիա» բառը սկսվել է հիշատակվել «ցեղասպանություն» բառի հետ: Ամերիկացիները երբ մի նոր հայի հետ են ծանոթանում, ասում են. «Գիտեմ, որ թուրքերը ձեր նկատմամբ ցեղասպանություն են իրականացրել»: Լավ, եթե հայերը կարողացան իրենց դատը շատ լավ ներկայացնել, ամերիկյան կոնգրեսի համարյա բոլոր ղեկավարների աջակցությունը ստանալ, ինչո՞ւ չկարողացան արտասանել տալ «ցեղասպանություն» բառը:
Դրա պատասխանը շատ պարզ է: Ինչքան էլ, որ Օբաման ասել էր, որ կճանաչի Ցեղասպանությունը, միեւնույնն է Թուրքիայի կարեւորությունն ավելին է: Սպիտակ տան ձեռքերը կապող հանգամանքներն են. Թուրքիան Մերձավոր Արեւելքում գտնվում է Իրանի կողքին եւ առանց այդ երկրի անհնար է Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառել, Իրաքից դուրս եկող ԱՄՆ-ի համար Թուրքիան ամենակարեւոր երկիրն է, որը կապահովի կայությունը Իրաքում, Օբաման ցանկանում է կարգավորել հարաբերությունները մահմեդական աշխարհի հետ եւ այդ համատեքստում Թուրքիայի կարիքը ունի, որը մեծացնում է իր ազդեցությունը իսլամական աշխարհում: Բացի այդ, Ղըրղըզստանում հեղաշրջման հետեւանքով առաջացած անկայունությունը վտանգի տակ է դրել ԱՄՆ-ի Մանասի ռազմաբազան, որը կարեւոր դերակատարում ունի Պակիստանի եւ Աֆղանստանի ամերիկյան զինուժերին համապատասխան մատակարարումների հարցում: Թուրքիան նախկինում Ցեղասպանության քննարկումների ժամանակ օրակարգ էր բերել Թուրքիայում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազայի փակման հեռանկարը: Այսինքն Ղըրղզստանի Մանասի ռազմաբազայի անգործունակության հետ մեկտեղ, ԱՄՆ չէր դիմի նման քայլի, որ ռիսկի տակ դներ նաեւ Ինջիրլիքի ռազմաբազայի ապագան: Այսինքն, այս տարվա քննարկումներում հաղթողը դուրս եկավ Թուրքիան: Օբաման վերը նշված պատճառներով խիզախություն չունեցավ արտասանել «ցեղասպանություն» բառը:
Հայաստանի նախագահը օրեր առաջ հայտարարեց, որ սառեցնում է արձանագրությունների վավերացման գործընթացը, սակայն ապագայի հետ կապված հույս հայտնեց, ինչը շփոթություն է առաջացնում: Այսինքն նախագահը մի կողմից սառեցնելով արձանագրությունները, իսկ մյուս կողմից հույս հայտնելով ապագայի վերաբերյալ, ցույց է տալիս հայկական կողմի անճարակությունը: Ապրիլի 24-ին Վաշինգտոնից ստացած պարտությունից հետո, կարծես նախագահ Սարգսյանին այլ բան չի մնում, քան իրական հիմքերի վրա սկսել գործի անցնել: Այդ իրական հիմքերն էլ` Ղարաբաղի խնդրում որոշ քայլեր անելը, որոշ տարածքներից ետ քաշվելը եւ դրանով Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ճանապարհ բացելն է: ՄԱԿ-ի կողմից Ղարաբաղից դուրս գալու 4 տարբեր զգուշացումներ ստացած Հայաստանը, դեպի Արեւմուտք բացվելու, Ռուսաստանի կախվածությունից ազատվելու եւ տնտեսությունը զարգացնելու համար Թուրքիայի կարիքը ունի: Իսկ Թուրքիան սպասում է Հայաստանի քայլին",-ամփոփում է իր հրապարակումը Իլհան Թանըրը:




























