Այսօր` ապրիլի 26-ին Հայաստանի Ազգային ժողովում մեկնարկում է հերթական քառօրյան: Այդ կապակցությամբ դեռեւս ապրիլի 23-ին ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել է չորրորդ գումարման ԱԺ 7-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և ապրիլի 26-29-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 10 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 105 հարց:

Աժ այսօրվա նիստում «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը հարցրել է, թե արդյո՞ք հայ-թուրքական արձանագրությունները հանվել են ԱԺ մեծ օրակարգից, ինչին ի պատասխան ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, որ արձանագրությունները հանվել են միայն քառօրյայի օրակարգից, իսկ խորհրդարանի մեծ օրակարգում դեռ մնում են: