Թուրքիայի «Աշխատանքի» եւ «Ազատություն եւ համերաշխություն» կուսակցությունները տարածել են հայտարարություններ, որում դատապարտում են 1915-ի հայերի կոտորածները եւ իրենց ցավակցությունը հայտնել հայ ժողովրդին:
«Աշխատանքի» կուսակցության հայտարարության մեջ նշվել է. «Ամեն ապրիլի 24-ի պես, այս տարի եւս համաշխարհային օրակարգում էր 1915-ի մեծ աղետը: Ափսոս, որ իմպերիալիստական ուժերի դերակատարությամբ, Թուրքիայի հանրապետության ստեղծումից առաջ տեղի ունեցած հայկական մեծ կոտորածները եւ տեղահանությունը Թուրքիայի հանրապետության ստեղծումից հետո տարբեր պատճառներով փոքրացվել կամ ընդհանրապես հաշվի չեն առնվել: Դեռեւս իրականության հետ առերեսում տեղի չի ունեցել, ժողովրդից ներողություն չի հայցվել, կոտորածը պաշտոնապես չի դատապարտվել: Թուրքիայի իշխող „Արդարություն եւ զարգացում“ կուսակցության կողմից առաջարկված սահմանադրական բարեփոխումների փաթեթում այն կրկին ներառված չէ:
Թուրքիայի իշխող „Արդարություն եւ զարգացում“, ընդդիմադիր „Ժողովրդա-հանրապետական“ եւ „Ազգայնական շարժում“ կուսակցությունները պատմության հետ առերեսվելու փոխարեն` իրար հետ ազգայնականության մեջ են մրցում: Իսկ Էրդողանի հայտարարած „100 հազար հայերին վտարելու“ հայտարարությունը ցույց տվեց „Արդարություն եւ զարգացում“ կուսակցության իրական դեմքը: Թուրքիան պատմության հետ պետք է հաշտվի եւ լուսավորի իր մութ պատմությունը: Թուրքիան պետք է քայլեր անի զարգացնելու հայ ժողովրդի հետ խաղաղությունը եւ բարեկամությունը: Առանց նախապայմանների պետք է փոխադարձաբար բացվեն հաղորդակցության ճանապարհները եւ երկու երկրներում էլ սառեցված հարաբերությունները կարգավորվեն»:
«Ազատություն եւ համերաշխություն» կուսակցության առաջնորդ Ալփեր Թաշի հայտարարության մեջ նշվել է. «Ապրիլի 24-ը մեր հայ եղբայրների մեծ ցավի 95-ամյակն է: 95 տարի առաջ այս հողերում տեղի ունեցած մեծ ցավն ու մարդկային ողբերգությունը մեր սրտի խորքում է: Մենք մեծ տխրությամբ ենք հիշում այդ ժամանակ զոհվածներին: Պետք է ապահովվի համապատասխան միջավայր, որպեսզի քննարկվի տեղի ունեցած մեծ ցավը եւ պայմաններ ստեղծվի երկու ժողովուրդների միջեւ երկխոսություն սկսելու համար: Հայաստանի հետ սահմանը պետք է բացվի եւ այն անվանվի Հրանտ Դինքի անունով»:




























