«Մեծ եղեռն օգտագործելը մեզ պետք չէ, քանի որ իրենք թարգմանում են ոնց իրենց պետք է։ Մենք էլ ենք „եղեռն“ օգտագործում, բայց ոչ „ցեղասպանությունից“ խուսափելու համար։ Իսկ իրենց կողմից դա անազնվություն է»,- այսօր` ապրիլի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ եթե նախորդ տարի Օբաման պատրվակ ուներ չասելու «ցեղասպանություն» բառը (խոսքը 2009-ի ապրիլի 23-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի հայտարարության մասին է), ապա այս տարի այդ պատրվակը չկար:

Նրա ներկայացմամբ, ՀՀ կողմից ցեղասպանության վերաբերյալ իրավական պահանջի առանցքը պետք է լինի Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, այնինչ եթե հայ-թուրքական ներկայումս կասեցված արձանագրությունները վավերացվեն, հայկական կողմը միգուցե զրկվի այդ հնարավորությունից:

Կիրո Մանոյանը նկատել է, որ Հայաստանը, որպես պետություն, չունի հստակ ծրագիր, թե ինչ քայլեր է իրականացնելու Հայոց ցեղասպանության խնդիրն առաջ տանելու համար, փոխարենը սպասում է, թե ինչ կանի Թուրքիան, որպեսզի արձագանքի: Սա, ըստ նրա, Թուրքիայի համար դռներ է բացում: Դաշնակցական գործչի խոսքով, սրանով մենք Թուրքիային հնարավորություն ենք տալիս միջամտելու ԼՂ խնդրի կարգավորմանը:

Կիրո Մանոյանը ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտված է, ու հիմա պետք է նոր փուլ սկսել` հարցը իրավական դաշտ փոխանցելու փուլը: