Հայաստանի Ազգային ժողովի ոչ իշխանական 4 խմբակցությունները արտահերթ կարգով հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ ստեղծել եւս մեկ ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի Երեւանի քաղաքապետարանի կողմից 2012-13 թթ-ին բնակչության եւ տնտեսվարող սուբյեկտների կողմից լրացուցիչ վճարների ու տուգանքների գանձման գործընթացը` արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների եւ այլ միջոցներով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետեւանքները:

«Չորս խմբակցությունները բազմիցս բարձրացրել են այդ հարցը, սակայն Կառավարությունն անպատասխան է թողել»,-ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ ներկայացնելով օրինագիծը:

Նրա խոսքով՝ 4 խմբակցությունների նպատակը ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումն է, որը կքննարկի վերը նշված հարցերը: «Ինչքան կարելի է չսիրել Երեւանը եւ երեւանցիներին՝ նման օրենքներ ընդունելու համար: Որքան կարելիէ հարկ հավաքել ժողովրդից, մենք հո գերի չենք առանձին անձանց ձեռքին»,-ընդգծել է Հակոբյանը:

Նա նշել է, որ իր համար անընդունելի է, որ մասնավոր ընկերությունները կարմիր գծեր են գծում քաղաքում եւ տուրք են գանձում քաղաքացիներից՝ առանց որեւէ սպասարկման, սակայն այդ «ծառայության» համար վարձ են վճարում:

«Նախ ի՞նչ պատճառաբանությամբ է կայացվել Երեւանի ավտոկայանատեղիների գումարի հավաքագրումը մասնավոր ընկերությունների միջոցով իրականացնելն այն դեպքում, երբ սպասարկումը կարող էր կազմակերպել քաղաքապետարանը»,-նշել է պատգամավորն ու հավելել. «Ի՞նչ սկզբունքներով ու չափանիշներով են որոշելու փողոցների կայացման տեղերը, շատ պետք է ճարպիկ լինես, որ Պուշկինի նման նեղ փողոցով անցնես, կարմիր գծեր են գցել ու լավ հիմքեր են ստեղծել վթարների առաջացման համար: Խնդիրը մեկն է, ոչ թե լուծել գերբեռնված վիճակն ու այն թեթեւացնել, այլ ավելի շատ գումար պոկել»:

Բանախոսն ասել է, որ ստեղծվելիք հանձնաժողովը պետք է ուսումնասիրի նաեւ այն, թե ե՞րբ է հիմնադրվել «Փարքինք սիթի սերվիս» ՓԲԸ, ի՞նչ հիմունքներով են կնքվել նրա հետ պայմանագրերը, արդյոք իրականացվել է ուսումնասիրություն Երեւանի փողոցների ծանրաբեռնվածության վերաբերյալ: