Ձմռան ցրտերը չեն վնասել պտղատու այգիներն ու ցանքատարածությունները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Գյուղատնտեսության նախարարությունը:

Հաղորդագրությունում, նաեւ ասվում է.

«Հանրապետության ողջ տարածքում, սկսած 2013թ. դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից, արձանագրվեց ջերմաստիճանի կտրուկ անկում եւ արդեն ամսվա վերջին Արարատյան հարթավայրի առանձին հատվածներում գիշերային ժամերին  գրանցվեցին մինչեւ -20 -220 C, իսկ  բարձրադիր գոտում՝ զգալիորեն ավելի ցածր: Նշված ջերմաստիճանային ռեժիմը սովորաբար վտանգ է ներկայացնում չթաղված խաղողի այգիների համար:

Հնարավոր հետեւանքները պարզելու նպատակով, դեռեւս ընթացիկ տարվա հունվար ամսին, բոլոր տարածաշրջաններում գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) մասնագետների կողմից, սենյակային պայմաններում, ուսումնասիրվել են սեղանի եւ տեխնիկական տարբեր սորտերի չթաղված վազերից վերցված կտրոնները, որի արդյունքում պարզվել է, որ տեխնիկական սորտերի վազերը չեն տուժել, իսկ սեղանի առանձին սորտերի միամյա մատերի վրա նկատվում է կենտրոնական աչքերի որոշ վնասվածություն, որը ըստ մասնագետների եզրակացության՝ վազերի բերքատվության վրա էական  ազդեցություն չի ունենա: Ավելին, սովորաբար  այգեթաղի եւ այգեբացի ընթացքում վազի թեւերի, ենթաթեւերի ու բերքատու մատերի 20-30%-ը կոտրվում են ու վնասվում, պատճառ դառնում բերքի կորուստների, ինչը տվյալ դեպքում տեղի չի ունեցել: Բացի այդ, խաղողի վազը ունի վերականգնվելու մեծ ներուժ եւ բավարար ագրոտեխնիկայի կիրառման, ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերի համալիր օգտագործման, բուժումների եւ ոռոգման աշխատանքների ժամանակին կազմակերպման դեպքում ոչ միայն հաջողվում է վերականգնել կորուստները, այլեւ բարձր բերք ապահովել:

Այնուամենայնիվ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի խրախուսում այգեթաղից հրաժարումը եւ հորդորում է հանրապետության այգեթաղ տարածաշրջանների խաղողագործներին՝ պարտադիր կատարել այգեթաղ, միաժամանակ զգուշացնելով, որ խիստ սառնամանիքների դեպքում կարող են ցրտահարվել անգամ վազերի թեւերն ու բունը եւ գյուղացուն զրկել մի քանի տարի բերք ստանալու հնարավորությունից:

Նախարարությունը տեղեկացնում է նաեւ, որ ձմռան ցրտերի հետեւանքով չեն տուժել պտղատու ծառատեսակները, չեն վնասվել նաեւ աշնանացան հացահատիկայն մշակաբույսերի ցանքերը եւ լավ նախադրյալներ կան բարձր բերքատվության ապահովման համար:

Արարատյան դաշտում մարտի 17-ից սկսել է ծիրանենիների ծաղկումը եւ մի քանի օրից կդիտվի համատարած ծաղկումը:

Չնայած գյուղատնտեսական տարին շուրջ 2 շաբաթով սովորականից ավելի  շուտ է սկսվել, այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ եղանակային պայմանները բարենպաստ են եւ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով: