Աններելի հանցանք է, որ այսքան տարիներ անց իշխանությունը պատրաստ չի նման իրավիճակներին: Այս մասին հայտարարություն է տարածել «Նախախորհրդարանը»՝ անդրադառնալով Քեսաբում ստեղծված իրավիճակին:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի տարածքից զինված խմբավորումները ներխուժել եւ հարձակվել են Քեսաբի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա։ Թուրքիան, խախտելով Սիրիայի հետ կնքած պայմանագիրը, ոչ միայն չի կանխել զինյալ անօրինական թափանցումը, այլեւ ռազմական ակնհայտ օժանդակություն է տրամադրել զինյալներին`հրթիռակոծելով սիրիական տարածքը։ Բարեբախտաբար տեղի բնակչությունը նախապես լրիվ տեղափոխվել էր Լաթաքիա եւ մարդկային զոհեր չկան։ Սա Սիրիայում սանձազերծված պատերազմի համար սովորական դրվագ չի, այն ունի ոչ միայն խորհրդանշական իմաստ, այլեւ ռազմավարական նշանակություն։

Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին կատարվող այս ոճիրը նույն ցեղասպանության շարունակությունն է։ Քեսաբը պատմական Կիլիկիայի վերջին կտորն էր, այստեղ ապրող հայերը գաղթականներ չէին, այլ իրենց պատմական հայրենիքում էին ապրում։ Հայության վերջին մնացորդներին իրենց բնօրրանից տարհանելը մինչ այսօր շարունակվող ցեղասպանության հերթական դրսեւորումն է։

Հայաստանի կառավարող վարչախմբի կողմից հայության խնդիրների հանդեպ անփութության, ավելին՝ հանցավոր անգործության պատճառով սիրիահայությունը հայտնվել է լքված պատանդի վիճակում: Հայկական պետության կառավարությունը որեւէ պատասխանատվություն չի ուզում ստանձնել ստեղծված իրավիճակի հանդեպ, հայտարարություն անելուց զատ, իբր Քեսապի հայության խնդիրը իր ուշադրության կենտրոնում է։

Աններելի հանցանք է, որ այսքան տարիներ անց իշխանությունը պատրաստ չի նման իրավիճակներին։ Սիրիական թնջուկի պարագայում Հայաստանը պիտի պահանջի սիրիական խնդրի կարգավորման հարցում իր մասնակցությունը, իսկ Քեսապի խնդիրը պիտի ՄԱԿ-ում բարձրացնի։ Դա նաեւ ցույց կտա հայկական շահերի պաշտպանության հարցում Արեւմուտքի, Ռուսաստանի եւ Իրանի շահագրգռվածության աստիճանն ու նրանց դիրքորոշումներով ակնառու կդառնա, թե ովքեր են Հայաստանի դաշնակիցները։

Քեսաբը պիտի վերադառնա եւ քեսաբցին իր հայրենիքը չի թողնի։

Մեր ազգային ճակատագրի համար բախտորոշ զարգացումների այս փուլում Հայաստանի ու արտերկրի հայության բոլոր ուժերից պահանջվում է հավաքական քաղաքական կամքի դրսեւորում եւ այդ կամքի պարտադրում ապազգային վարչախմբին` նրա տապալումը օր առաջ իրողություն դարձնելու նպատակով»: