Բրյուսելյան տարեկան ֆորումը, որին մասնակցում են եվրոպացի եւ ամերիկացի քաղաքական գործիչներ, փորձագետներ ու դեսպաններ, այս տարի բավականին թեժ անցավ:
Ինչպես եւ սպասվում էր, Ուկրաինան ու Ղրիմը բանավեճերի հիմնական թեմաներն էին: Սակայն որպես ռուսական կայսերական քաղաքականության օրինակ՝ հիշատակվեց նաեւ Հայաստանը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի հետ նույնպես չի կարող ստորագրվել Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը, ինչպես դա արվեց Ուկրաինայի դեպքում, Արեւելյան հարեւանության ծրագրի ջատագովներից Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը բավականին ուշագրավ պատասխան տվեց։
«Հայաստանը ուրիշ լիգայից է: Ասոցացման համաձայնագիրը քաղաքական ընդհանրության տեսակ է, որ գոյություն ունի տարբեր ոլորտներում: Հիմա մենք, օրինակ, տեսնում ենք հայերի, որոնք գալիս են ու պաշտպանում Ռուսաստանի վարած քաղաքականությունը Ուկրաինայի դեմ: Այնպես որ, ես չեմ կարծում, որ նրանք այլեւս պատրաստ են նույն քաղաքական լիգայում լինել մեզ հետ»,- ասել է Բիլդտը։
Բրյուսելի ֆորումի ընթացքում Եվրոպական ու ամերիկյան կողմերը վիճում էին՝ արդյոք պետք էր ավելի կոշտ արձագանքել Ղրիմի բռնակցմանը Ռուսաստանին, թե ոչ: Եվ միայն Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Չիժովն էր մեղադրում ուկրաինական կողմին` քաղաքական ճգնաժամ սկսելու համար:
ԵՄ առեւտրի հարցերով հանձնակատար Կարել դե Հյուխտն էլ իր խոսքում որպես Ռուսաստանի վարած բիրտ քաղաքականության օրինակներ հիշատակեց Հարավային Օսիան, Աբխազիան, որոնք նրա խոսքով` Ռուսաստանը կրկին բռնակցել է իր տարածքին:
«Նույնը նրանք անում են Ղրիմում, դա ակնհայտ է: Ռուսաստանը նաեւ Հայաստանին ստիպեց հրաժարվել մեզ հետ Ասոցացման համաձայնագրից, ասելով`«Տեսեք, եթե դուք, հայերդ, անեք դա, մենք այլեւս չենք պաշտպանի ձեզ Լեռնային Ղարաբաղի հարցում»: Ռուսները շարք են ստեղծում մարգարիտներից, բայց այդ մարգարիտներն իրականում սառած հակամարտություններ են: Ո՞րն է դրա իմաստը։ Արդյոք մենք սա էլ պետք է կո՞ւլ տանք։ Ո՛չ, ամեն ինչ իր գինն ունի եւ մենք՝ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն պետք է հստակ լինենք այս հարցում։ Սա պարզապես անթույլատրելի է»,- ասել է Կարել դե Հյուխտը։
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում


























