Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցի օրը մի խումբ հայ երիտասարդներ կոչ են անում բոլորին իրենց վեբ-կայքերը դարձնել սեւ եւ սպիտակ։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց նախաձեռնության հեղինակ Հայկ Ասրիյանցը՝ ավելացնելով, որ մեկ տարի շարունակ Հայաստանում, Արցախում եւ այլուր, որտեղ կան հայկական համայնքներ իրենք կոչ են անելու բոլոր անհատներին եւ կազմակերպություններին ապրիլի 24-ին իրենց կայքերը դարձնել սեւ եւ սպիտակ։
«Նախկինում մեկ-երկու ընկերություններ անում էին նման բան, սակայն կարեւոր է, որպեսզի այս նախաձեռնությունը համահայկական դառնա»,- ասաց Ասրիյանցը՝ ավելացնելով, որ նախաձեռնությունը համահայկական դարձնելու միտքը ծնվել է այս տարի ապրիլի 24-ի հաջորդ գիշերը, ուստի մինչ հաջորդ տարի իրենք փորձելու են բոլորին տեղեկացնել նախաձեռնության մասին։
Ասրիյանցի խոսքով՝ որպես թիրախային կայքեր իրենք դիտարկում են նախ պետական կառավարման համակարգի կայքերը, որպես այս նախաձեռնությանը պետական կարեւորություն տալու նշան։
«Պատկերացնում եք, հաջորդ տարի բոլորը մտնեն նախագահի կայք կամ արտաքին գործերի նախարարության կայք, եւ տեսնեն այն սեւ եւ սպիտակ է»,- ասաց Ասրիյանցը։ Նրա խոսքով՝ պետական կառավարման համակարգի կայքերից բացի, կարեւոր է, որպեսզի այս նախաձեռնությանը միանան նաեւ վեբ-կայքեր ստեղծող ընկերությունները, որպեսզի թե իրենց սեփական կայքերը, եւ թե այն կայքերը, որոնք իրենք պատրաստում են, խորհուրդ տան միանալ այս նախաձեռնությանը։
Նախաձեռնության հեղինակի խոսքով՝ այժմ իրենք սոցիալական ցանցերի եւ առերես հանդիպումների միջոցով փորձում են նախաձեռնությանը միացած անդամների թիվը ավելացնել։
«Կայքերը սեւ եւ սպիտակ դարձնելը տեխնիկապես բավական հեշտ է, եւ ցանկացողներին մենք նաեւ անվճար տեխնիկական աջակցություն են ցուցաբերելու»,- ասաց Ասրիյանցը։




























