«Ճանապարհային ոստիկանությունը համարանիշ հանելու իրավունք չունի: Ոչ ոքին թույլ չենք տալիս հանեն, պատժում ենք օրենքի խստությամբ»,-ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը՝ անդրադառնալով ճանապարհային տեսուչների կատարած խախտումներին: Լրագրողների այն դիտարկանը թե բազմիցս ականատես են եղել համարանիշներ հանելուն, Մարգար Օհանյանը նշել է.
«Սկսենք խախտումը սկզբից, երբ վարորդը գալիս կանգնում է արգելված նշանի տակ, ինչո՞ւ է խախտում, ինչո՞ւ է կանգնում այդտեղ»: NEWS.am-ի այն դիտարկմանը, թե «ոստիկանները խախտումին խախտումո՞վ են պատասխանում»,- պարոն Մարգարյանը ասաց. «Մենք փորձում ենք, որ նա չխախտի: Հասարակության մեջ տպավորություն կստեղծվի, որ վատ տեսուչները օրենք են խախտում, համար են հանում, իսկ դուք ինչի՞ եք էդտեղ կանգնում: Ինչո՞ւ եք կանգնում մայթի վրա»:
Օհանյանը նշել է, որ մեքենան էվակուացնելու համար նոր միջոցներ են ձեռք առել: Ոստիկանապետը հանձնարարել է օրենքի փոփոխություններ մշակել։ Տվյալ փոփոխությունից հետո ոչ թե համարանիշը, այլ մեքենան կտեղափոխվի տուգանային հրապարակ:
«Եթե ոստիկանության աշխատակիցը ճանապարհային ոստիկանության կանոնները խախտեց, ոստիկանության պետի կողմից կատարվում է ծառայողական քննություն եւ շատ խիստ պատիժ է կիրառվում նրա նկատմամբ, առնվազն՝ նկատողություն: Ճանապարհային երթեւեկության կանոնները բոլորիս համար հավասար են»,-ասել է Ճանապարհային ոստիկանության պետը:




























