2010 թ. ապրիլի 16-ին, ժամը 00.10-ի սահմաններում, անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան քաղաքի Բագրատունյաց պողոտայի 37 շենքի դիմացի ճանապարհահատվածում, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնների պահանջները, վրաերթի է ենթարկել Առաքել Խաչատրյանին, անզգուշությամբ պատճառել մահ եւ թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը` հեռացել է:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից, փաստի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Նշված դեպքի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 58-48-01, 58-18-13 հեռախոսահամարներով, կամ դիմել ՃՏՀ քննության բաժին` Ծովակալ Իսակովի 9 հասցեով:

Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: