Այս ֆիլմը մարդկության դեմ հանցագործության մեղադրանք է, որ կատարվել է Խորհրդային Ադրբեջանում 1988թ. փետրվարի 27-29-ը։ Ֆիլմում ներկայացված բացառիկ տեսանյութերն ու լուսանկարները, ականատեսների վկայությունները, հետաքննության և դատավարությունների փաստաթղթերը ցուցադրվում են առաջին անգամ՝ ոչ միայն բացահայտելով Սումգայիթում տեղի ունեցածի վերաբերյալ ճշմարտությունը, այլև ապացուցելով Ադրբեջանի հատուկ ծառայությունների և իշխանությունների կողմից՝ հանցագործության կազմակերպված լինելու և Խորհրդային Միության ղեկավարության հանցավոր դերակատարության փաստը։
Ողբերգությունից ի վեր ամբողջ 22 տարիների ընթացքում Ադրբեջանը նպատակասլաց փորձում է խեղաթյուրել «սումգայիթի» էությունը: «Սովորական Ցեղասպանություն» նախագիծը կոչված է վերացնելու վերջերիս պատմության զանգվածային կեղծումները բացառապես վավերագրական փաստարկների և փաստերի ներկայացմամբ, որոնք կասկած իսկ չեն թողնում, որ թե՛ «սումգայիթը», թե՛ դրան հետևած էթնիկ զտումների ու ջարդերի բոլոր գործողություններն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում մտադրվել և իրականացվել են հայ ժողովրդի ցեղասպանության և նրա պատմական բնակության տարածքների վերջնական յուրացման քաղաքականության համաձայն: Ադրբեջանի կողմից խաղաղ հայ բնակչության նկատմամբ դաժան հաշվեհարդար տեսնող հանցագործների հերոսացումը՝ սկսած 1988թ. «սումգայիթից» և վերջացրած 2004թ. Բուդապեշտում հայ սպայի դահճով, դրա վառ ապացույցն է:
Այս ֆիլմը նաեւ ուղերձ է միջազգային հանրությանը` մարդկության դեմ հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության կանչելու կոչով։
Նշենք, որ «Սումգայիթ, Փետրվար, 1988» ֆիլմը երկրորդն է «Սովորական Ցեղասպանություն» ֆիլմաշարում։ «Սովորական Ցեղասպանություն» նախագիծն իրագործվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աջակցությամբ։ Առաջին ֆիլմի պրեմիերան՝ «Բաքու, Հունվար, 1990», կայացել է 2010թ. հունվարին, ֆիլմը մի քանի լեզուների է թարգմանվել և տարածվում է տեսասկավառակներով և ինտերնետում:




























