Թուրքիան ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Նախիջեւանի ապագայի հարցում եւ շարունակելու է ցուցաբերել։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ Անկարայում ունեցած հանդիպումից հետո։
Կարսի պայմանագրի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Դավութօղլուն ասել է, որ այդ պայմանագրի իրավական ուժ ունենալու վերաբերյալ կասկածներ չկան։ «Թուրքիան Նախիջեւանի կարգավիճակի երաշխավորն է, դա ակնհայտ է։ Դա միջազգային իրավունքի պահանջն է եւ Թուրքիայի պարտավորությունը»,- ասել է Դավութօղլուն՝ ավելացնելով. «Նախիջեւանի անվտանգությունը եւ բարեկեցությունը մեր անվտանգությունն ու բարեկեցությունն են»:
Դավութօղլուն եւ Թալիբովը քննարկել են Թուրքիայի եւ Նախիջեւանի միջեւ տնտեսական եւ մշակութային հարաբերություններին առնչվող հարցեր։ «Մենք ջանքեր կգործադրենք, որպեսզի թուրքական ավիաուղիները մոտ ժամանակներս չվերթներ սկսեն Ստամբուլից դեպի Նախիջեւան»,- ասել է Դավութօղլուն։




























