Ապրիլի 29-ին, ժամը 10-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջև տեղի կունենա ուսանողական հավաք, որին կհաջորդի երթ դեպի ՀՀ Կառավարության շենք: Հավաքով և երթով հայ ուսանողությունը իր բողոքի ձայնն է բարձրացնում ընդդեմ ՀՀ Կառավարության այն որոշումների, որոնցով կրկնակի կրճատվել է մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսումը շարունակելու նպատակով ուսանողներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման տեղերի քանակը:

Բողոքի երթին կմասնակցեն Հայաստանի տարբեր ԲՈւՀ-երի ուսանողներ, ասպիրանտներ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Երթի մասին կազմակերպիչների իրազեկումը Երևանի քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտություն N 22 որոշմամբ:

Հիշեցնենք, որ նույն պահանջներով ակցիա էր նախատեսված նաեւ մեկ շաբաթ առաջ, որը սակայն չկայացավ, քանի որ դրանից առաջ ուսանողների հետ հանդիպել էր Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ որոշ խոստումներ տվել: