Բոլոր երկրները պետք է ջանք գործադրեն, որպեսզի այս հարյուրամյակում մթնոլորտային ջերմաստիճանի միջին աճը պահեն Ցելսիուսի սանդղակով 2 աստիճանից  ցածր մակարդակու, քանի որ աճը կսրի պարենային անվտանգության խնդիրը եւ կարող է մեծ թվով շրջանների հեղեղման հանգեցնել: Այս նախազգուշացումն առկա է ՄԱԿ-ին առընթեր Կլիմայական փոփոխությունների հարցերով միջկառավարական  փորձագիտական խմբի  զեկույցում, որը վեց օր նիստ էր անցկացրել Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում:

Զեկույցում ասվում է, որ մոլորակին սպառնացող կլիմայական փոփոխությունները սաստկացնում են միջպետական եւ ազգամիջյան  հակամարտությունների վտանգը:

«Կանխատեսվող կլիմայական փոփոխություններն զգալիորեն կկրճատեն խմելու ջրի վերականգնվող պաշարները, որն էլ կուժգնացնի ջրի համար մրցակցությունը», - նշվում է փաստաթղթում:

Ըստ մասնագետների` ջերմաստիճանի բարձրացման հետեւանքով մարդիկ ստիպված կլինեն փոխել բնակության վայրը, իսկ պաշարների կրճատումը կդառնա պետությունների միջեւ մրցակցության պատճառ:

Միջինը 3 աստիճանով ջերմաստիճանի բարձրացման հետեւանքով ավելանում է Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման վտանգը` Անտարկտիդայի եւ Գրենլանդիայի սառույցների հալոցքի պատճառով, նախազգուշացնում են փորձագետները:

Իսկ 4 աստիճանով բարձրացումը պարենի հետ կապված գլոբալ խնդիրներ կստեղծի: ХХ դարի համեմատությամբ  նույնիսկ 2 աստիճանով բարձրացումը  ազդեցություն կունենա: Ջերմաստիճանի աճը առաջարկվում է կանգնեցնել առաջին հերթին արտանետումները կրճատելու ճանապարհով:

Փորձագետների միջազգային խումբը նախատեսոմ է մինչեւ 2015 թ. վերջը նոր համաձայնագիր կազմել, որի նպատակն է փոխել 1997 թ. Կիոտոյի արձանագրությունը:

Ըստ փորձագետների` Կիոտոյի արձանագրությունը արդյունավետ չէ, քանի որ նրա դրույթները չեն իրականացնում ԱՄՆ-ն եւ Չինաստանը, որոնք ամենաշատն են մթնոլորտ արտանետումներ լցնում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: