Ապրիլի 26-ին Ստրասբուրբում մեկնարկած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում 20 պատգամավորներ հայտարարություն են ընդունել, ըստ որի դատապարտվում է ցանկացած գործողություն, որը խանգարում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ 2005թ. 1416 բանաձևն ընդունելով՝ ԵԽԽՎ-ն ցույց է տվել, որ այդ հարցին լուրջ է վերաբերվում։ Հայտարարության մեջ նշված է նաեւ, որ, այդուհանդերձ, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում անօրինական գործողություններ, որոնք խորացնում են անվստահությունը կողմերի միջև և խոչընդոտում հակամարտության կարգավորման առաջխաղացմանը։ Այդպիսի գործողություններից է համարվում ԼՂ-ում խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Իսկ որպես դրական օրինակ նրանք նշել են Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի այցը Բաքու:
ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակների կողմից նախապատրաստված հայտարարությունը ստորագրողները հորդորում են ձեռնպահ մնալ անօրինական գործողություններից և Հայաստանին կոչ են անում կանխել կարգավորման գործընթացին վնաս հասցնող նախաձեռնությունները։ Այն ստորագրել են Դիաս Տեխերա Արկադիոն (Իսպանիա), Ջիարետա Պաոլոն (Իտալիա), Ռաֆայել Հուսեյնովը (Ադրբեջան), Եվգենի Սուսլովը (Ուկրաինա) և ուրիշներ։




























