Այսուհետ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուները ողջ տարվա ընթացքում կարող են նվիրատվություն կատարել նաեւ առցանց (օնլայն)` himnadram.org կայքէջում տեղադրված DONATE ONLINE բաների միջոցով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հիմնադրամից:

Առցանց համակարգը հնարավորություն է տալիս նվիրատվություններ կատարել Visa, MasterCard, American Express, Discover քարտերից, բանկային հաշվեհամարներից եւ PayPal (փեյփալ) վճարային համակարգի հաշվեկշռից: Այս կերպ նվիրատվություններ կատարելու համար անհրաժեշտ է մուտքագրել նվիրատուի անուն-ազգանունը, բնակավայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն եւ նվիրաբերվող գումարը:

«Օնլայն նվիրատվությունների կատարումն այսօր աշխարհում ընդունված ձեւ է. նման մեխանիզմը խնայում է Հիմնադրամի միջոցներ, տնտեսում է ժամանակ եւ հնարավորություն է տալիս ցանկացած պահի նվիրատվություն կատարել»,- ասել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նա իր երախտագիտությունն է հայտնել հայկական «Ապագա Թեքնոլոջիս» եւ ամերիկյան VeriSign (ՎերիՍայն) ընկերություններին` համակարգի ներդրման, կայքի անվտանգ սպասարկումը երկու տարի ժամկետով անվճար ստանձնելու եւ EV SSL անվտանգության հավաստագրի հատկացման համար:

«Մենք ողջունում ենք մարդու կյանքի բարելավմանն ուղղված յուրաքանչյուր ձեռնարկ եւ պատրաստ ենք մեր ծառայություններով աջակցել Հիմնադրամին: Մեր նոր սկսված համագործակցության նպատակն է ապահովել Հիմնադրամի օնլայն նվիրատվությունների ապահով իրականացումը: Նվիրատուները կարող են վստահ լինել, որ նվիրաբերված ցանկացած գումար կհասնի հասցեատիրոջը եւ կուղղվի Հայաստանում ու Արցախում նախանշված ծրագրերի իրականացմանը»,- նշել է «ՎերիՍայն» ընկերության ապրանքային մարքեթինգի փոխնախագահ Թիմ Քալանը: