Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Շվեցարիայի ԱԳ նախարար Միշլին Կալմի-Ռեյը հայտարարել է, որ «պետք է ծափահարություններով ողջունել ե'ւ Թուրքիային, ե'ւ Հայաստանին` այն հզոր քաղաքական կամքի համար, որ այդ երկրները դրսեւորեցին հարաբերությունները կարգավորելու նպատակով»: Նա դա ասել է ապրիլի 27-ին ԵԽԽՎ-ում իր ելույթի ժամանակ:

Հիշեցնենք, որ հենց Շվեյցարիայի միջնորդությամբ սկիզբ առավ հայ-թուրքական գործընթացը, իսկ Մալմի-Ռեյը մասնակցեց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը: Այս պահին էլ Շվեցարիան պաշտոնապես կողմերի միջեւ շարունակում է միջնորդ մնալ:

Շվեցարիան ղեկավարում է նաեւ ԵԽ նախարարների կոմիտեն, ուստի Միշլին Կալմի-Ռեյին` իբրեւ այդ կոմիտեի ղեկավարի, հարցեր են ուղղել նաեւ հայ եւ ադրբեջանցի պատգամավորները, հիմնականում` Ղարաբաղյան հակամարտության, դրա լուծման թեմաներով:

«ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը ակտիվորեն ընթանում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում», — ի պատասխան հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարարը, հավելելով, թե անհրաժեշտ է նաեւ խրախուսել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ տեղի ունեցող հանդիպումները: Նրա գնահատմամբ` ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ակտիվորեն աշխատում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Ի դեպ, երբ ադրբեջանցի պատվիրակները կրկին իրենց հարցերում հայտարարել են «Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի 20 տոկոսի գրավված լինելու», ադրբեջանցի փախստականների անելանելի վիճակի եւ օգնության կարիք ունենալու մասին, Կալմի-Ռեյը բավական հակիրճ պատասխաններ է տվել, թե «այդ հարցը Մինսկի խմբի իրավասության ներքո է գտնվում»: