Վարչապետի ելույթը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի այս տարվա տարեկան ժողովում մի քիչ ավելի խիստ էր։ Այս մասին ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ խոսքը վերաբերում է գիտական նախագծերի առեւտրայնացման խնդիրներին եւ դրանց կիրառությանը տնտեսությունում։

«Աշխարհի ոչ մի ակադեմիա արտադրություն չի տալիս, իսկ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան կոչված է զբաղվելու հիմնարար գիտությամբ եւ նոր գիտելիք ստեղծելով»,- ասաց Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ կիսում է վարչապետի կարծիքը, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ նոր ստեղծած գիտելիքը տնտեսությանը մոտեցնելու համար,սակայն Ակադեմիան չունի համապատասխան ենթակառուցվածք՝ սարքավորումներ, նյութեր եւ լաբորատորիաներ։

Նշենք, որ վերջերս ԳԱԱ-ն կառավարությանն էր ներկայացրել նորարարական բնույթի շուրջ 30 նախագծեր, որոնցից, ընտրության արդյունքում վերջում մնացել են 4-ը, որոնք կիրառության համար համարվել են ռիսկային։

NEWS.am- Ինովացիայի թղթակցի հարցին, թե գուցե գիտնականների կողմի՞ց է թերացումը եւ չեն ներկայացնում համապատասխան առաջարկներ, որոնք պետք են Հայաստանի տնտեսությանը, ԳԱԱ նախագահը պատասխանեց, որ անհրաժեշտ է պետության կողմից առաջ քաշվի, թե ինչ նորույթ է պետք եւ որն է շուկայի պահանջարկը եւ ըստ դրա առաջարկներ ներկայացնեն, քանի որ հայաստանյան գիտնականները նորարարական գաղափարների առեւտրայնացման հնարավորությունները գնահատելու փորձ չունեն։

Մարտիրոսյանի խոսքով՝ այժմ գիտնականների նախագծերից ընդամենը մեկն է կիրառության արժանացել Հայաստանում՝ Երևանի ոսկերչական գործարանի կողմից։