Հայաստանի խորհրդարանը սկսել է ՄԱԿ-ի՝ հաշմանդամների վերաբերյալ բանաձեւի քննարկումները։ Ինչպես Ազգային ժողովի պատվանդանից հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական ապահովության փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, Ադրբեջանն արդեն վավերացրել է բանաձեւը եւ զուգահեռաբար ընդունել հայտարարություն, համաձայն որի «Ադրբեջանը հրաժարվում է պաշտպանել օկուպացված տարածքների հաշմանադամների իրավունքերը»:

Բաղդասարյանի խոսքով, այս հայտարարությունը բանաձեւի վավերացման մասին ծանուցման հետ ուղարկվել է ՄԱԿ։ Դրան ի պատասխան՝ հայկական կողմը պատրաստել է իր զեկույցը, որը բանաձեւի վավերացման դեպքում եւս կուղարկվի ՄԱԿ։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ընդգծվում է, որ Ադրբեջանը խեղաթյուրում է ղարաբաղյան հակամարտության էությունը։ «Ղարաբաղյան հակամարտությունը սկսել է Ադրբեջանում հայերի զանգվածային սպանություններով եւ տեղահանություններով, այն վերաճել է զինված հակամարտության, ինչի արդյունքում Ադրբեջանը օկուպացրել է Ղարաբաղի մի մասը»,- ասվում է հայկական կողմի հայտարարության մեջ։