Նիկարագուայում նախորդ շաբաթ գրանցված հզոր երկու երկրաշարժերից ավելի քան երկու հազար տուն է վնասվել՝ ամբողջությամբ կամ մասնակի:
Ապրիլի 11-ին 6,2 մագնիտուդով երկրաշարժից ամենաշատը տուժել է Նագարոտե շրջանը, որը գտնվում է մայրաքաղաքից 40 կմ հյուսիս-արեւմուտք: Այնտեղ 587 տուն ամբողջությամբ վնասվել է, եւս 560-ը լուրջ վերանորոգման կարիք ունեն: Ենթադրվում է, որ բնակֆոնդի վերականգնման աշխատանքները կսկսվեն երկուշաբթի:
Նիկարագուայում 6,2 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել էին հազարավոր մանր հետցնցումներ, իսկ ապրիլի 12-ին տեղի էր ունեցել 6,7 բալանոց ստորերկրյա ցնցում: Զոհվել էր մեկ մարդ, վիրավորվել` 33-ը:
Անցյալ շաբաթվա վերջում Նիկարագուայում գրանցված ստորերկրյա ցնցումները ամենահզորն էին 1972 թ.-ից ի վեր, երբ երկրում տեղի ունեցած երկրաշարժը մեծ վնաս էր հասցրել մայրաքաղաքին: Այն ժամանակ զոհվել էր 5 հազար մարդ, 20 հազարը վիրավորվել էին, իսկ 250 հազար մարդ մնացել էր անօթեւան, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























