ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Օվերլենդ-փարք քաղաքում կրակոցների հեղինակը, որոնց զոհ էր դարձել 3 մարդ, երկուսն էլ վիրավորվել էին, ամերիկյան ուլտրաաջ Կու-կլուքս-կլան կազմակերպության նախկին պարագլուխներից է եղել:

73-ամյա կասկածյալի անունն է Ֆրեյզեր Գլեն Միլլեր կրտսեր` հայտնի Cross («խաչ») մականունով: Միլլերը 1980թ. հիմնադրել էր նաեւ ռասիստական եւ հակասեմական  «Սպիտակների հայրենասիրական կուսակցությունը», որը լուծարվել էր 1987թ.: Տղամարդը Կանզաս էր եկել Միսուրիից, հայտնում է NBC հեռուստաալիքը` վկայակոչելով իր աղբյուրները:

Ըստ քննության`  կասկածյալը հրեական համայնքի կենտրոնում սկզբում կրակել էր մի տարեց տղամարդու եւ նրա դեռահաս թոռան վրա, իսկ հետո ուղեւորվել էր Village Shalom ծերանոց, որտեղ մի կնոջ էր սպանել: Նա վիրավորել էր նաեւ երկու մարդու: Ըստ ոստիկանների`   Միլլերը կրակել էր հրացանից, սակայն նրա մոտից առգրավել էին նաեւ ատրճանակ եւ մեկ այլ հրացան: Նա չէր ճանաչել իր զոհերին եւ գործել էր առանց հանցակիցների: 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն ցավակցել է զոհերի եւ տուժածների ընտանիքներին:

2009թ. հունիսին 89-ամյա նեոնացիստ Ջեյմս ֆոն Բրունը կրակոցներ էր կազմակերպել  Վաշինգտոնի Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված թանգարանում:  Նա սպանել էր պահակին եւ երեք այլ մարդու, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: