Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 14-ին ՀՀ կառավարության անդամներին եւ կառավարության նիստին հրավիրվող պաշտոնյաներին ներկայացրել է ՀՀ նորանշանակ վարչապետին:

«Ինչպես գիտեք, երեկ ես ՀՀ վարչապետ եմ նշանակել Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին՝ Հովիկ Աբրահամյանին՝ Ազգային ժողովի նախագահին ու նաեւ ՀՀԿ նախագահի տեղակալին: Երեկ մամուլը մեր հանրությանը հանգամանորեն ներկայացրեց բոլոր գործընթացներն ու նաեւ այն խնդիրները, որ վարչապետը եւ նոր կառավարությունը պետք է լուծեն: Վարչապետի նշանակումից հետո կառավարությունը շարունակում է կատարել իր աշխատանքները, եւ կառավարության անդամներին խնդրում եմ, որպեսզի բարեխղճորեն եւ պարտաճանաչ կերպով կատարեն իրենց պարտականությունները: Մենք քսան օրվա ընթացքում վարչապետի հետ միասին ձեւավորելու ենք նոր կառավարություն: Այն ժամանակ կառավարության խնդիրների մասին հանգամանորեն կխոսենք: Ինձ մնում է մեկ անգամ եւս շնորհավորել պարոն Աբրահամյանին եւ ցանկանալ նրան հաջողություն: Շնորհավորում եմ»,-ՀՀ կառավարությունում ներկայացնելով վարչապետին՝ ասել է Հանրապետության նախագահը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել նախագահին վստահության համար եւ խնդրել գործող կառավարության անդամներին մինչ նոր կառավարության ձեւավորումը եռանդով շարունակել իրենց աշխատանքը. «Պարո՛ն նախագահ, կցանկանայի իմ գործընկերներին ասել, որ մենք որեւէ կողմնորոշում որեւէ թեկնածուի վերաբերյալ չունենք, եւ ես պետք է խնդրեմ բոլոր իմ գործընկերներին ավելի մեծ եռանդով շարունակել իրենց պարտականությունների կատարումը: Սահմանադրության սահմանած ժամկետում, պարո՛ն նախագահ, Ձեզ հետ համաձայնեցնելով, կներկայացնենք նոր կառավարության կազմը: Եվ մոտեցումը կլինի կառավարության անդամների այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի արդյունքն ու նաեւ այն, թե որքանով ապագայում ի վիճակի կլինեն իրականացնել նոր ծրագրեր: Շնորհակալ եմ»,-ասել է նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: