1977-ի արյունոտ մայիսի 1-ից հետո, որի ժամանակ սպանվեց 37 հոգի, Ստամբուլի Թաքսիմ հրապարակը կրկին ընդունում է Թուրքիայի տարբեր արհմիությունների անդամներին, ովքեր պատրաստվում են մեծ ոգեւորությամբ նշել աշխատավորների համերաշխության տոնը:
Մայիսի 1-ի վաղ առավոտից Ստամբուլի կենտրոնական տարբեր հատվածներում դիրքավորված արհմիությունները սկսել են շարասյուններով շարժվել Թաքսիմ հրապարակ: Թաքսիմ մտնող առաջնեկներն են` «Հեղափոխական աշխատավորական արհմիությունների համադաշնություն» (DISK), «Հասարակական աշխատավորների արհմիությունների համադաշնություն» (KESK) եւ այլ արհմիություններ: Տարբեր հատվածներից Թաքսիմ մտնող շարասյունները նախ անցնում են ոստիկանական հատուկ անվտանգության համար նախատեսված անցակետերով: Ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված անվտանգության միջոցառումներ: Տոնակատարությունը կվերահսկվի նաեւ ուղղաթիռներով:
Էրգենեկոնի պողոտայով անցնող արհմիությունների մի շարասյուն կրկին պատերին փակցրել է «Հրանտ Դինքի պողոտա» ցուցանակներ:




























