Ըստ Forbes-ի վարկանիշի՝ 2014 թվականի «Ռուսաստանի ամենահարուստ 200 գործարարների» շարքում 6 հայ կա: Նրանք են Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, եղբայրներ Նիկոլայ եւ Սերգեյ Սարկիսովները, Ռուբեն վարդանյանը եւ Ալբերտ Ավդոլյանը: Նրան կարողությունների գումարը գնահատվում է մոտ 10,7 մլրդ դոլար:
Վարկանիշում «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը: Նրա կարողությունը կազմում է 4,3 մլրդ դոլար, որը նախորդ տարվա համեմատ աճել է 0,5 մլրդ դոլարով (վարկանիշում բարձրացել է 3 կետով):
Վարկանիշի 40-րդ հորիզոնականում «Ռոսգոսստրախ» ընկերության գլխավոր տնօրեն Դանիլ Խաչատուրովն է, որի կարողությունը գնահատվում է 2,6 մլրդ դոլար (աճել է 0,2 մլրդ դոլարով):
«ՌԵՍՕ-Գարանտիա» ընկերության փոխնախագահ Նիկոլայ Սարկիսովը վարկանիշի 98-րդ տեղում է, որի կարողությունը կազմում է 1,1 մլրդ դոլար (նվազել է 0,25 մլրդ դոլարով): Նրա կրտսեր եղբայրը՝ Սերգեյ Սարկիսովը, նույնքան կարողությամբ 99-րդ տեղում է:
Sberbank CIB-ի համաղեկավար Ռուբեն Վարդանյանը Forbes-ի վարկանիշում բարձրացել է 69 կետով եւ զբաղեցրել 124-րդ հորիզոնականը: Նրա ընդհանուր կապիտալը կազմում է 0,85 մլրդ դոլար (աճել է 0,35 մլրդ դոլարով):
Wooden Fish Agency-ի դիտորդական խորհրդի տնօրեն Ալբերտ Ավդալովը գտնվում է վարկանիշի 133-րդ հորիզոնականում, որի կարողությունը կազմում է 0,75 մլրդ դոլար:
Ռուսաստանի ամենախոշոր գործարարը 2014-ին 3-րդ տարին անընդմեջ մնում է «Գազպրոմինվեստհոլդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Ալիշեր Ուսմանովը: Նա «Մետալոինվեստ», «Մեգաֆոն», Mail.ru Group ընկերությունների հիմնական սեփականատերն է եւ Facebook-ի ներդրողը:
Ուսմանովի տարեկան եկամուտը աճել է 1 մլրդ դոլարով, հասնելով 18,6 մլրդ դոլարի:



























