Ռուսաստանում Էդուարդ Սնոուդենի անվան լրագրողական մրցանակ կհայտնվի: ԿՀՎ-ի նախկին գործակալը արդեն տվել է մրցանակին իր անունը շնորհելու համաձայնությունը եւ, հնարավոր է, ինքն էլ լինի ժյուրիի անդամ:

Լրագրողական ձեռքբերումների համար առցանց լրատվամիջոցների լրագրողներին տրվելիք մրցանակը սահմանել է Ռուսաստանի էլեկտրոնային կոմունիկացիաների ասոցիացիան: Հայտերը կընդունվեն մինչեւ մայիսի կեսերը, հաղթողների մրացանակաբաշխությունը նախատեսվում է աշնանը: Անվանակարգերի ցուցակը համաձայնեցման փուլում է, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանք երկու դասակարգում կունենան՝ որոշակի լրագրողի ձեռքբերումների եւ ամբողջ թիմի ձեռքբերումների համար: Նաեւ մրցանակներ կշնորհվեն «Գրան պրի» անվանակարգում:

Ներկայումս նաեւ հաստատվում է ժյուրիի կազմը, որը հավանաբար կգլխավորի Ռուսաստանի էլեկտրոնային կոմունիկացիաների ասոցիացիայի հանձնաժողովի նախագահ, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Վենեդիկտովի խոսքով՝ աշնանը նախատեսվում է այսպես կոչված «զրոյական» մրցանակ, իսկ Էդուարդ Սնոուդենի անվան առաջին  մեծ մրցանակը կհանձնվի 2015-ի մայիսին: