Աշխարհում ամենախոշոր սոցիալական ցանցը համարվող Facebook-ը նոր` FB Newswire ծառայության ստեղծման մասին է հայտարարել: Վերջինիս օգնությամբ լրատվամիջոցները կարող են սոցցանցից իրենց հետաքրքրող լուրերը վերցնել:
Հաղորդումների համաձայն, FB Newswire-ը լրատվական ագրեգատորի սկզբունքով է աշխատելու: Ծառայությունը սոցցանցում գրանցված անհատներից եւ կազմակերպություններից վերցնելու է հրապարակային հասանելիություն թույլատրող եւ լրագրողների համար պոտենցիալ հետաքրքրություն ներկայացնող ողջ քոնթենթը:
FB Newswire-ում տեղակայված տեղեկատվությունը ներառելու է լուսանկարներ, տեսահոլովակներ, թարմացված ստատուսներ` մասնավորապես այն մարդկանց կողմից, որոնք հասարակական նշանակության իրադարձությունների կիզակենտրոնում կլինեն` լինեն դրանք բողոքի ակցիաներ, ընտրություններ թե սպորտային միջոցառումներ: Խմբագիրների թիմը ընտրելու եւ հրապարակելու է բոլոր անհրաժեշտ նյութերը:
Նոր ծառայությունը հասանելի է ոչ միայն Facebook-ում (Facebook.com/FBNewswire https://www.facebook.com/FBNewswire), այլ նաեւ Twitter-ում (@FBNewswire https://twitter.com/FBNewswire) եւ թարմացվելու է իրական ժամանակի ռեժիմում:




























