Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան 2010թ. առաջին կիսամյակի ընթացքում: Ինչպես հայտնել է Ադրբեջանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլայ Պացկեւիչը, այցի շրջանակներում նախատեսվում է մի շարք միջկառավարական համաձայնագրերի ստորագրում:

«Այսօրվա դրությամբ Ադրբեջանի եւ Բելառուսի միջեւ ձեւավորվել է ավելի քան 50 երկկողմ համաձայնագրերից բաղկացած իրավական բազա, որոնք կարգավորում են ադրբեջանական եւ բելառուսական ձեռնարկությունների աշխատանքը, բայց մենք կարծում ենք, որ դա քիչ է, եւ եւս 20 փաստաթուղթ ենք մշակել»,- ասել է դեսպանը:

Նրա խոսքով, մշակման փուլում գտնվող մոտ 10 համաձայնագրեր ստորագրվելու են Բելառուսի նախագահի այցի ընթացքում:

Նախագահի այցի նախօրեին Բաքվում նախատեսվում է ադրբեջանա-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը: Հանձնաժողովը ստեղծվել է 2004թ., հիշեցնում է ադրբեջանական Trend գործակալությունը: