Քրեագետ Սերգեյ Գալոյանը շարունակում է պնդել, որ 2009թ.-ին հուղարկավորված «օրենքով գող» Յապոնչիկը կենդանի է: Այս մասին այսօր` ապրիլի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նորից պնդեց քրեագետը:

«Ես համոզված եմ, որ Յապոնչիկը կենդանի է: Ապացուցելու համար ունեմ մի շարք դիտարկումներ: Նախ եւ առաջ թաղման արարողությունը տեւել է ութ ժամ, ես ամբողջ ձայնագրությունը տեսել եմ: Հարց է առաջանում, թե ինչու է քրիստոնյա մարդու դագաղը փակ, որովհետեւ աշխարհում նման բան չկա: Ասեմ, որ միայն դագաղը փակ է լինում այն դեպքում, եթե նրա գլուխն ուղղակի ջարդված է, իսկ ըստ լրատվամիջոցների` նրա որովայնի վրա կրակել են: Բացի դրանից ամբողջ գերեզմանոցն ականապատված էր, իսկ նրա հուղարկավորությունը կատարվեց Մոսկվա քաղաքից 150 կիլոմետր հեռավորության վրա: Այս ամեն ինչը խոսում է այն մասին, որ նա կենդանի է, իսկ Դեդ Հասանի դեպքում նման համոզմունք չունեմ: Նա հաստատ մահացել է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «օրենքով գող» Յապոնչիկը` Վյաչեսլավ Իվանկովը, մահացել է 2009թ. հոկտեմբերին: Նրա վրա հարձակում էր կատարվել հուլիսի 28-ի երեկոյան ՌԴ մայրաքաղաքի հյուսիսում՝ Խորոշեւյան խճուղու N25 տան մոտ, իսկ Յապոնչիկին փրկել էր պատահականությունը՝ դիպուկահարի կրակոցի ժամանակ նա կռացել էր: Այնուամենայնիվ, բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը: Մինչեւ վերջ Յապոնչիկը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: