«Mail.Ru Group» ընկերությունը թողարկել է ICQ-ի նոր տարբերակ iOS օպերացիոն համակարգով սարքավորումների համար: Ծրագրի հավելյալ գործառույթներից մեկը վիդեոզանգերն են, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվում է, iPhone-ի, iPad-ի եւ iPod Touch-ի համար ICQ-ի տարբերակը հասանելի է ռուսական App Store-ում: Հայտարարված փոփոխությունների շարքում են նոր դիզայնը, խմբային հաղորդագրությունների հնարավորությունը, բջջային հեռախոսահամարով բաժանորդի որոնումը: Դիզայնի փոփոխությունները ներառում են նոր պաստառներ եւ ստիկերներ: Ծրագիրը կարող է ցանկացած տեսակի ֆայլ ուղարկել:
Ծրագրում գրանցվելը հասանելի է բջջային հեռախոսահամարով, ընդ որում հասանելի են նախորդ եղանակները՝ անհատական նույնականացման համարով կամ էլեկտրոնային փոստի հասցեով:
Սկզբնապես վիդեոզանգերը հայտնվել էին Windows եւ Mac օպերացիոն համակարգերի համար: 2014թ.-ի սկզբին դրանք հասանելի էին Windows Phone-ի համար, իսկ մեկ ամիս առաջ՝ Android համակարգերի համար: Ընկերության տվյալներով՝ ամսական 11 մլն մարդ է օգտվում ICQ-ի ծառայություններից:
Ծրագիրը ստեղծող ընկերությունները տարբեր կերպ են վերաբերում վիդոզանգերի գործառույթներին: Սա Skype-ի հիմնական գործառույթն է: Այն առկա է Google Hangouts-ում, «Օդնոկլասնիկի» եւ «Facebook» սոցցանցերում: Մյուս կողմից տարածված WhatsApp եւ Viber ծրագերն այդ գործառույթը չունեն:




























