Ասոցացման համաձայնագիրը չի կարելի բաժանել առանձին մասերի, դա միասնական փաստաթուղթ է, եւ Հայաստանի դեպքում ուկրաինական նախադեպը չի կարող կիրառվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանում Լեհաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Արմեն Ղազարյանը:
Նա պարզաբանել է, որ Ուկրաինան պարտավորվել է ստորագրել նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը, իսկ Հայաստանի պարագայում դա անհնար կլինի: «Այդ հարցի հետ կապված հստակ տեսակետ է արտահայտվել 2013-ի սեպտեմբերի 17-ին, Լեհաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, ինչպես նաեւ բազմիցս հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն»,-ասել է Ղազարյանը:
Նրա խոսքով, սակայն, ակնհայտ է, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունները շարունակում են զարգանալ: «Այդ հարաբերությունների իրավական հիմքը պետք է մշակվի՝ հիմք ընդունելով համատեղ հռչակագիրը, որն ընդունվել է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ 2013-ի նոյեմբերին Վիլնյուսում»,-ընդգծել է Հայաստանում լեհաստանի դեսպանատան մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը հայտարարել է, որ Երեւանը դեռեւս կարող է ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, նույնիսկ Մաքսային միություն մտնելուց հետո, միաժամանակ կարծիք հայտնելով, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրվելիք փաստաթղթի անվանումը, ամենայն հավանականությամբ, մի փոքր այլ կլինի, քանի որ «Ասոցացման համաձայնագիր» անվանումը վերաբերում է համագործակցության այլ շրջանակների:


























