Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագիրն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը:

Անդրադառնալով հարցերի շրջանակին, որոնց վերաբերյալ կողմերի դիրքորոշումները, ըստ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, բաժանվում են եւ այդ հարցերի շարքը մտահոգիչ է, քաղաքագետը կարծիք է հայտնել, որ Բելառուսը, ինչպես ցանկացած այլ երկիր, ցանկանում է առավելագույն օգուտ ստանալ Եվրասիական տնտեսական միությունից: «Բայց քանի որ տնտեսության կառուցվածքը տարբեր երկրներում տարբեր է, ուստի պատկերացումներն էլ են տարբեր, հետեւաբար որոշ հարցեր են ծագում: Որքանով են դրանք լուրջ, իհարկե, հիմա դժվար է ասել: Ես, բոլոր դեպքերում, չեմ կարծում, որ այդ հարցերը ճակատագրական են, որովհետեւ երկրները շահագրգռված են այդ միության գոյությամբ»,-ընդգծել է Խրամչիխինը:

Նշենք, որ ապրիլի 29-ին, Մինսկում տեղի է ունեցել Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը՝ երկրների ղեկավարների մակարդակով: Լուկաշենկոն այդ նիստի ժամանակ հայտարարել է. «Նորարարական առաջարկությունները, որոնք իրականացման ժամկետները 10 տարի են, մինչեւ 2025 թվականը, առնվազն տարօրինակ են: Եթե մենք պատրաստ ենք այդ միջոցառումներն ընդունել հիմա, ապա պետք է դա ընդունել»: Լուկաշենկոն ափսոսանքով նշել է, որ այսօր արդեն ձեւավորվել է հարցերի շրջանակ, որոնց վերաբերյալ կողմերի դիրքորոշումները տարբերվում են եւ այդ հարցերի շարքը մտահոգիչ է: