NEWS.am-ը նշանակալի կրճատումներով ներկայացնում է Ֆիլադելֆիայի արտաքին քաղաքականության ուսումնասիրությունների ինստիտուտի ժողովրդավարական փոխակերպումների նախագծի հետազոտող Ռիչարդ Կրամերի եւ նույն ինստիտուտի գիտաշխատող, ժողովրդավարական փոխակերպումների նախագծի համակարգող Մայա Օթարաշվիլիի հեղինակությամբ «Eurasia Review» պարբերականում հրապարակված հոդվածը:

Ուկրաինայում ծավալված ճգնաժամի ֆոնին Ռուսաստանի եւ Ամերիկայի ու Եվրամիության միջեւ հարաբերությունները «սառը պատերազմի» ավարտից ի վեր ամենացածր մակարդակին են հասել: Բացի այդ, Ռուսաստանի ձեռնարկած քայլերի ազդեցությունը եւ հետեւանքները հատում են Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների շրջանակը եւ մինչեւ առաջին հերթին Մերձավոր Արեւելք ծավալվում: Ռուսաստանի կողմից Ղրիմի միակցման եւ Ուկրաինայի արեւելյան շրջաններում հետագա ներխուժումների արդյունքում այդ երկրի ինքնիշխանության աներեւակայելի արհամարհումը շփոթության մեջ է գցել աշխարհի բոլոր քաղաքական գործիչներին: Պուտինի` Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը հարգելու Վաշինգտոնի եւ Բրյուսելի պահանջներին չհետեւելու ցանկությունը «Մեծ քսանյակի»` հինգ տարի առաջ Լոնդոնում մեկնարկած գագաթաժողովին զարկ տրված հարաբերությունների «վերբեռնման» քաղաքականության անհաջող ավարտի մասին է վկայում:

Այս հետընթացը զարմանալի չէ, եթե հաշվի առնելու լինենք Վլադիմիր Պուտինի իշխանավարման տարիներին Ռուսաստանի որդեգրած քաղաքականությունը: Ղրիմյան ներխուժումն ընդամենը լավ ծանոթ հետխորհրդային սագայի հերթական, թեկուզ եւ անհամեմատ խոշոր ու դրամատիկ քայլն է: Ռուսաստանն առաջին անգամ չէ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ներքին գործերին միջամտում, երբեմն` ռազմական գործողությունների ճանապարհով, նպատակ ունենալով թուլացնել կամ ենթակայության հասնել հարեւան պետությունների նկատմամբ եւ ապահովել նրանց հեռացումը ԱՄՆ-ի ու արեւմտաեվրոպական երկրների ուղեծրից: Սակայն հարկ է նշել, որ Պուտինի` Մոսկվայի իշխանությունը վերականգնելու փորձերը Ռուսաստանի Դաշնության «մերձավոր հարեւանությամբ» չեն սահմանափակվում:

ԵՄ-ի` դեպի արեւելք ընդլայնման ջանքերին հակազդելու նպատակով Պուտինը Եվրասիական միության նախագիծն է ստեղծել, որ 2015թ. պաշտոնապես կյանքի կոչվելու միտում ունի: Նախաձեռնության տնտեսական նախորդի` Ռուսաստանի կողմից ղեկավարվող Եվրասիական Մաքսային Միությանն արդեն անդամակցել են Բելառուսը եւ Ղազախստանը: Ձեւավորվելիք Եվրասիական միության եւս մեկ թեկնածու արդեն կա` Հայաստանը, որի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի ճնշմամբ ստիպված էր 2013թ. սեպտեմբեր ամսին հրաժարվել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից: Պուտինը արդյունավետ կերպով շահարկել էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մինչ այժմ շարունակվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը` այն իր օրակարգի զարգացման լծակ դարձնելով: Ադրբեջանին զենք վաճառելու միջոցով տարածաշրջանում հակամարտության լարման հնարավորությունների մասին բաց ակնարկներով Պուտինին հաջողվել էր 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայացած գագաթաժողովին ընդառաջ համոզել Սարգսյանին, որ հրաժարվի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ երկարատեւ բանակցություններից:

Ռուսաստանի կողմից վերջերս Ղրիմի միակցման արդյունքում եւ այժմ էլ` ներխուժման ակնհայտ սպառնալիքի, կամ, առնվազն, Ռւկրաինայի հարավային ու արեւելյան շրջաններում Ռուսաստանի փաստացի տիրապետող դիրքի պայմաններում, հիշյալ երկրի ինքնիշխանությանը լուրջ վտանգ է սպառնում: Ուկրաինական ճգնաժամը լուրջ խնդիր է նաեւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության համար, քանի որ այն արդեն ոչ միայն ռուս-ամերիկյան հարաբերությունների նշանակալի վատթարացման պատճառ է դարձել, այլ նաեւ կասկածի տակ է դրել երկու կողմերի` եվրոպական դաշնակիցների հետ միահունչ արդյունավետ գործելու կարողությունը: Ճգնաժամի պոտենցիալ հետեւանքները ուժերի ներկայիս  գլոբալ հավասարակշռությունը թեքելու  եւ Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայում, ինչպես նաեւ նախկին խորհրդային հանրապետություններում ԱՄՆ ազդեցությունը թուլացնելու սպառնալիք են պարունակում: Եվ չնայած ընդամենը մի քանի ամիս առաջ ԱՄՆ-ում պաշտոնյաների ու մեկնաբանների մեծ մասը կհերքեր գաղափարն այն մասին, որ «սառը պատերազմին» նման ինչ-որ բան է սկսվում, վերլուծաբաններն այժմ բացահայտ ընդունում են, որ Պուտինի` Արեւմուտքի հետ սկսած «շախմատային խաղը» չափազանց նման է «սառը պատերազմին»:

Ռուսաստանի` Արեւելյան Ուկրաինայում հրահրած ճգնաժամը դեռ շատ հեռու է իր լուծումից: Ամենայն հավանականությամբ, այն դեռ ավելի կսրվի: Ուկրաինացիները, աճող լարվածության ֆոնին, պատրաստվում են մայիսի 25-ին իրենց հաջորդ նախագահին ընտրել:

Այդ ընտրությունները պատմական նշանակություն ունեն երկրի համար, քանի որ արդյունքում երկիրը կարող է կամ փաստացի մասնատվել, կամ կայունությանը եւ անկախությանն ուղղված ճանապարհ ընտրել: 

Փետրվարի 28-ից Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները նաեւ դաժան հիշեցում են դարձել Վրաստանի եւ Մոլդովայի համար (ինչպես նաեւ Կենտրոնական Եվրոպայի մի շարք հետկոմունիստական երկրների` Լեհաստան, Լիտվա եւ Էստոնիա)` առ այն, թե որքան թույլ եւ խոցելի են նրանք Ռուսաստանի հետ հարաբերություններում: