Ռուսաստանի տնտեսության արտադրական ոլորտի գործարար ակտիվության անկումը դեռեւս կես տարի առաջ է սկսվել:
Ընդ որում կրճատվել են, հատկապես` մարտ ամիսին, վերոհիշյալի բոլոր բաղադրիչները` արտադրության ծավալներ, նոր պատվերներ, արտահանում, զբաղվածություն, չիրականացված պատվերներ եւ պահանջարկ, HSBC բանկի պատվերով Markit ընկերության կողմից իրականացվող հետազոտությունների ապրիլ ամսվա դրությամբ արդյունքներն է վկայակոչում «Ռոյթերս» գործակալությունը:
Մինչ այդ շարունակում է բարձր մնալ երկրի գնաճային ճնշումը, ինչը նշանակալի չափով ռուբլիի թուլացման հետեւանքն է: Սպառողական գնաճի տեմպերը մի փոքր դանդաղել են, սակայն մեծածախ գների մասով ցուցանիշը վերջին երեք տարիների դրությամբ ռեկորդային բարձրակետի է հասել:
Մատակարարումների մենեջերական գործակիցը (PMI) ապրիլին 48,5 կետի է հասել` մարտին գրանցված 48,3-ի դիմաց: 50 կետից բարձր լինելու պարագայում այն գործարար ակտիվության աճ է արձանագրում, ցածրի դեպքում` անկում: HSBC-ն նշում է, որ հիշյալ գործակիցը բացասական է եղել նախորդ 10 ամիսներից 9-ի ընթացքում, հաղորդում է «Ռոսբալտը»:




























