Ստեփանավանի թիվ 2 դպրոցի տնօրեն Լիլյա Հարությունյանը հերքում է, թե ինքը դպրոցի առաջին դասարանցիներից 10 հազարական դրամ է հավաքել հանդեսի համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնօրենը՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանի հայտարարությանը: 

«Դա զրպարտանք է, առանց հիմնավորած փաստերի: Չգիտեմ, թե ինչ նպատակներ է հետապնդում, բայց ո՞նց կարելի է առանց փաստերը հստակեցնելու նման բան հայտարարել եւ խաղալ մարդու պատվի հետ: Եթե անկեղծ, նման զրպարտություններ պարբերաբար լինում են, երեւի ես խանգարում եմ ինչ-որ մարդկանց, նախանձում են, եւ ամեն պատեհ-անպատեհ առիթով ինձ զրպարտում են»,- ասաց նա:

Լիլյա Հարությունյանն այս պահին դպրոցում ծնողական ժողով է հրավիրել՝ պարզելու համար արդյոք ինչ-որ մի ծնող նման բան ասել է, թե ոչ:

«Ծնողների հետ խոսելուց հետո համապատասխան միջոցների եմ դիմելու ինձ պաշտպանելու համար»,- ավելացրեց նա:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բախշյանը հայտարարել էր. «Ահազանգում եմ, որ Ստեփանավանի թիվ երկու դպրոցի տնօրենը առաջին դասարանցիների ծնողներից յուրաքանչյուրից տասը հազար դրամ է հավաքում: Նրա ամուսինը Ստեփանավանի նոտարն է: Լոռու մարզպետ է Արթուր Նալբանդյանին ասում եմ, որ կարգի հրավիրի այդ կնոջը, ինչպես պետքն է»: