ԱՄՆ-ում այս ամռանից ուժի մեջ մտնող հարկային նոր օրենքը կարող է բարդացնել ռուսական բանկերի գործը:
Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում 2010թ. ընդունված FATCA օրենքը, ըստ որի՝ ամբողջ աշխարհի բանկերը պետք է ամերիկյան իշխանություններին տվյալներ տրամադրեն ամերիկացի ավանդատուների մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Օրենքի նպատակը ԱՄՆ-ի արտասահմանում հաշիվներ ունեցող քաղաքացիների հարկերից խուսափելը կանխելն է: Պահանջին չենթարկվող բանկերից ԱՄՆ-ի կոնտրգործակալ բանկերը 30% հարկ կպահեն, ներառյալ՝ ներդրումների եկամտից: ԱՄՆ-ն արդեն համաձայնագիր ունի 50 երկրների հետ: Ռուսաստանի հետ նման բանակցություններ տարվել են, բայց սառեցվել՝ Ուկրաինայի դեպքերով պայմանավորված:
«Սա շատ լուրջ խնդիր է (ռուսական բանկերի համար): Սա նվազեցնում է նրանց մրցունակությունը, եւ դրանք կարող են կապիտալի արտահոսքի բախվել», - հայտարարել է ԱՄՆ պետական հարկային ծառայության (IRS) պետի նախկին տեղակալ Մարկ Մեթյուսը:




























