«Յանդեքսը» որոշել է տնօրենների խորհրդում առաջադրել Սբերբանկի կառավարման խորհրդի ներկայացուցիչ Գերման Գրեֆի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, որոշումը պետք է հաստատվի մայիսի 21-ին բաժնետերերի ժողովի ընթացքում: Ինչպես նշել է «Յանդեքսի» ներկայացուցիչ Ասյա Մելքումովան, բանկն ու ինտերնետ-ընկերությունը վաղեմի գործընկերներ են: Նրանք միասին իրականացնում են «Յանդեքս: Փողեր» նախագիծը: Գրեֆի փորձն օգտակար կլինի այդ թվում նաեւ վերջին տարիներին սկսված «ինտերնետի կանոնակարգման» գործընթացի հարցում, նշել է նա:
Նշենք, որ ապրիլի վերջին մեդիաֆորումներից մեկի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ «Յանդեքսը» սկսեց իր գործունեությունն արեւմտյան ազդեցության ներքո, իսկ Համացանցը սկսվում է ԿՀՎ-ից: Այդ բանից հետո ռուսական ինտերնետ-ընկերութայն բաժնետոմսերի արժեքը նվազեց 15 տոկոսով: Ինչպես պարբերականի հետ զրույցում նշել էր դաշնային պաշտոնյաներից մեկը, «Յանդեքսը» հույսն ավելի շատ դնում է Գրեֆի փորձի վրա, քան նրա կողմից պաշտպանվելու վրա:



























